Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Հայաստանի այլ մարզերում մեղուների հիվանդությունների դեպքում այսուհետ օգնության կհասնեն վերապատրաստված մասնագետները:
Հայաստանում ներդրված ինսպեկցիոն համակարգի մեղվապահները մասնակցել են սանիտարական մեղվաբուծությանը նվիրված եռօրյա հատուկ դասընթացին: Ակբա ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ֆրանսիայից ժամանած մասնագետները հայ մեղվապահներին են ներկայացրել մեղվաբուծության ոլորտում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ժամանակակից մեթոդները։
«Մեր հիմնական նպատակն է Հայաստանում ունենալ սանիտարական մեղվաբուծությամբ զբաղվող մասնագետների թիմ, որոնք յուրացնելով ներկայացված նոր մեթոդները և ամրապնդելով իրենց ունեցած գիտելիքները, կկարողանան իրենց մարզերում մատուցել մեղվաբուժական ծառայություններ»,- նշել է Ակբա ֆեդերացիայի համայնքների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Գեղամ Ռոստոմյանը:
«Անցյալ տարի այցելել ենք տարբեր մեղվանոցներ ու նկատել մեղուների բարձր մահացություն։ Կային մեղվանոցներ, որտեղ անկումը հասնում էր 50%-ի։ Այդ մասին տեղեկացրինք Ակբա ֆեդերացիայի մեր գործընկերներին, քննարկումներից հետո առաջարկ եղավ կազմակերպել դասընթաց՝ կանխելու այս խնդիրները, որոնք կան նաև Հայաստանում»,- նշել է Ֆրանսիայից ժամանած սանիտարական մեղվաբուծության փորձագետ Ֆիլիպ Պուարիեն:
«Մեր վերապատրաստումը հիմնականում սանիտարական հարցերին, հիվանդություններին է վերաբերվում։ Փորձում ենք փոխանցել մեղվապահության մեր լավ պրակտիկան: Հիվանդություններն ու վիրուսները հատուկ չեն միայն Հայաստանին, դրանք համաշխարհային խնդիր են։ Պարզապես անհրաժեշտ է ճիշտ կանխարգելել այդ խնդիրը»,-նշել է Ֆրանսիայից ժամանած սանիտարական մեղվաբուծության փորձագետ Միշել Տարդիոն։
Հայաստանում մեղուների անկման ռիսկերի պայմաններում նման դասընթացների կազմակերպումն ու միջազգային լավագույն փորձի տեղայնացումը կնպաստեն առողջ և ուժեղ մեղվաընտանիքների ձևավորմանը։
Ակբա ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։
