Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվում է Ջիվանի գինու գործարանը։ Գործարանը տասնամյակների պատմություն ունի. դեռ 1964թ.-ին գործարանի ներկայիս տնօրեն Հարությունի պապն իր տան դիմաց տնկել է խաղողի առաջին տնկին՝ մեկնարկելով Ջիվանի գինիների պատմությունը։ Այժմ գործարանում տարբեր սորտերի տասից ավելի գինի է պատրաստվում։ Յուրաքանչյուր տարի գործարանի հարևանությամբ գտնվող այգում կազմակերպվում է խաղողահավաք, որը վերածվում է իսկական տոնի՝ հյուրերին ծանոթացնելով հայկական մշակույթին և գինեգործական ավանդույթներին։ Խաղողահավաքին հաջորդում է ավանդական գինու պատրաստումը։
Ջիվանին Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է, որոնց աջակցությամբ էլ գործարանին կից կառուցված գաստրոբակը վերանորոգվել է և հնարավորություն ստացել աշխատելու տարվա բոլոր եղանակներին։
«Ամեն ինչով հեշտ է զբաղվել, եթե կա սեր ու նվիրում։ Եթե աշխատանքին նայում ես միայն որպես բիզնես, ապա այն չի հաջողի։ Ակբա բանկի հետ համագործակցությունը շատ վաղուց է եղել, դեռևս հայրս է համագործակցել Ակբա բանկի հետ։ Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի հետ մեր համագործակցությունը 2-3 տարվա պատմություն ունի. շատ լավ գործընկերներ ենք դարձել։ Գաստրոբակի տարածքն ապակեպատելու համար ունեինք որոշակի ֆինանսական աջակցության կարիք։ Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի աջակցությամբ այժմ կարողանում ենք հյուրեր ընդունել ամբողջ տարվա ընթացքում»,- նշել է Ջիվանի գինու գործարանի տնօրեն Հարություն Հովհաննիսյանը։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
